ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Գեղարվեստական գրքերի դեպքում ընթերցողն առավելությունը տալիս է նոր հրատարակություններին»

«Գեղարվեստական գրքերի դեպքում ընթերցողն առավելությունը տալիս է նոր հրատարակություններին»
03.03.2015 | 12:32

Հայաստանի գրադարաններում մեծ հետաքրքրություն ներկայացնող գրքերի քանակը սահմանափակ է: Մարզային գրադարանները չունեն ընթերցողին առաջարկելու նոր և լավ գրականություն: Որոշ նյութեր գրադարանի աշխատակիցները, պատահում է, համացանցից վերբեռնում են և թվային տարբերակով տրամադրում ընթերցողին:
Դպրոցների գրադարաններում հատկապես մեծ պահանջարկ ունեն հանրագիտարանային, մանկապատանեկան գրքերը, նաև այն հեղինակների գրքերը, որոնք կան դասագրքերում: Հարց է առաջանում` գրքի մարաթոնների, գիրք նվիրելու տարատեսակ ծրագրերի ժամանակ հաշվի են առնում ավելի շատ պահանջա՞րկը, թե՞ նվիրում են, ինչ կարող են: Ինչպես և կարելի էր ենթադրել, բոլորի պահանջները բավարարելը շատ դժվար է: Որպես օրինակ, ժամանակակից գրողների գրքերը հետաքրքրությունից դուրս չեն մնում, բայց դրանք տպագրվում են 500 օրինակով, իսկ հանրապետության միայն դպրոցական գրադարանները 1500-ն են: Դասական գրողների գրքերը ժամանակին տպագրվել են տասնյակ հազարավոր տպաքանակով և առաքվել են գրադարաններ մի քանի օրինակով: Սակայն, ինչպես նկատում է ՀՀ մշակույթի նախարարության հրատարակչական գործի գործակալության պետ, ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ, պահանջարկ ունեցող գրքերը հնանում են, պոկոտվում, առաջ է գալիս վերահրատարակման խնդիր: Նրա փոխանցմամբ` հնարավորության սահմաններում, քիչ-քիչ վերահրատարակվում են, օրինակ, հայ դասականների գրքերը` Բակունց, Չարենց, Դեմիրճյան, Տերյան, Իսահակյան, Թումանյան:
Նշենք, որ պետական աջակցության և պետպատվերի շրջանակում 2012-2013 թվականներին վերահրատարակված գրքերի շարքում տեղ են գտել համաշխարհային և հայ դասականները՝ Գաբրիել Գարսիա Մարկես, Ֆիրդուսի, Ակսել Բակունց, Վահագն Դավթյան, Շահան Շահնուր, Նար-Դոս, Մուշեղ Իշխան և այլք: Վերահրատարակման գործընթացը շարունակվում է:
Սև շուկայում, գրախանութներում ընթերցողին առաջարկվում է նաև բուկինիստական գրականություն: Դրանք շատ են գնում, որովհետև գնային առումով մատչելի են: Եթե գրախանութում կան այս կամ այն գրքի և հին, և նոր տարբերակները, ընթերցողը ո՞րն է նախընտրում: «Էդիթ պրինտ» գրախանութների ցանցի տնօրեն, գրականագետ, բանաստեղծ ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ նկատում է, որ գիտական մակարդակով տպագված գրքերը բացառիկ հրատարակություններ են: Որպես օրինակ, Ստեփան Մալխասյանցի աշխատասիրությամբ Խորենացու «Հայոց պատմությունը» տպագրվել է ծավալուն, գիտական ծանոթագրություններով ու առաջաբանով` գրաբար և աշխարհաբար թարգմանությունների միատեղումով: Դա բացառիկ հրատարակություն է, նույնությամբ չի վերահրատարակվում, և մասնագետները նախընտրում են այդ տարբերակը: Դպրոցներում, ընթերցողների լայն զանգվածի համար Խորենացուն կարելի է տպագրել միայն աշխարհաբարով և ավելի մատչելի ծանոթագրություններով: Գեղարվեստական գրքերի դեպքում ընթերցողն առավելությունը տալիս է նոր հրատարակություններին: Կան նաև դեֆիցիտ գրքեր, որ բուկինիստական գրադարակներում հազվադեպ են հայտնվում, նոր հրատարակություններ էլ առայժմ չկան: Հրատարակիչները հազվադեպ են պեղում, գտնում, հրատարակում դրանք: Երբեմն էլ անտեղյակության արդյունքում, 40-50 թվականներին տպագրված գործը տպագրում են նոր թարգմանությամբ, անտեսելով այն հանգամանքը, որ այդ ստեղծագործությունն արդեն թարգմանվել է մեզանում: Աշոտ Գաբրիելյանը հավելեց, որ բուկինիստական գրախանութներում հայտնվում են հիմնականում 70, 80, 90-ականների գրքեր: Ըստ նրա` ցանկալի է, որ վերահրատարակությունները հրատարակչական առումով առավելություն ունենան, ծանոթագրությունները, մեկնաբանությունները մոտենան գիտական մակարդակի: Աշոտ Գաբրիելյանի խմբագրմամբ «Էդիթ պրինտը» 2014-ին լույս է ընծայել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Գոգոլի երկերը, Ֆրիկի տաղերը, Բալզակի «Հայր Գորիոն» և այլ գրքեր:
«Անտարես» հրատարակչությունը ընթերցողին է ներկայացնում գրքեր, որոնք երկար տարիներ չեն վերահրատարակվել և մեծ պահանջարկ ունեն: Կային գրքեր, որ վաճառվում էին բացառապես անցումների տակ` պատճենած տարբերակով: Այս մասին տեղեկացնում է «Անտարեսի» գլխավոր խմբագիր, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ: Այսօր արդեն գրախանութներից կարելի է ձեռք բերել Ստենդալի «Կարմիրը և Սևը», Դոստոևսկու «Ապուշը», Ալեն-Ֆուրնիեի «Երկար Մոլնը», Հերման Զուդերմանի «Հոգսը» և նորատիպ այլ գրքեր: Վերահրատարակման կարիք են ունեցել նաև վերջին տարիներին լույս ընծայած` Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ», Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», Ջորջ Օրուելի «1984»-ը, Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» գրքերը: «Փորձը ցույց է տալիս, որ մեծ պահանջարկ ունեն հայ դասականների նոր որակյալ հրատարակությունները,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:- Պարզելու նպատակով` մեր ընթերցողները գնում են կարդալո՞ւ համար, թե՞ կապ ունի նաև պոլիգրաֆիական որակը, փորձնական հրատարակեցինք ոչ մեծ տպաքանակով 4-5 գիրք, որոնք շատ արագ սպառվեցին (Նար-Դոսի երկերը, Ստեփան Զորյանի վիպակները և պատմվածքները, Շիրվանզադեի «Քաոսը» և «Պատվի համար»-ը, Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» և «Խենթը», Մուրացանի «Գևորգ Մարզպետունին»)»:
Երկու խոսք էլ գրքի շուկայի ընդհանուր պատկերի մասին: Այսպես` 1875-1920-ին Երևանում հրատարակվել է մոտ 230 անուն գիրք: Խորհրդային տարիներին տարեկան լույս էր տեսնում 1100 անուն գիրք` բազմահազար տպաքանակով: Մեր օրերում արդեն գրքերի տպաքանակը նվազել է, գրքանունների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով` 2200-ի:
Մեր ընթերցողները բավականին բազմաճաշակ են, առավել պահանջված գրքերի ցուցակում կարող են տեղ գտնել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը», Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը», երբեմն նաև ժամանակակից հայ հեղինակների գրքերը: Սակայն ամենապահանջված գրականությունը մանկականն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ